Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ԶԱՏԻԿԸ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՎԱՏՔԻ ՈՂՆԱՇԱՐՆ Է

ԶԱՏԻԿԸ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՎԱՏՔԻ ՈՂՆԱՇԱՐՆ Է
24.05.2011 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

ԾՌԱԶԱՏԻԿ
Այս վերնագիրը հիմնականից առանձնացրի, որովհետև այդ մասին արժե խոսել: Երևի շատերն առաջին անգամ են նման բառ կարդում, որովհետև Զատիկը, որպես քրիստոնեական աշխարհի գերագույն տոն, իր մեջ ոչ մի «ծռություն» չպետք է ունենա: Բայց արի ու տես` այս սուրբ քաղաքում հույները կարողացան այն «ծռել», այսինքն՝ սուրբ օրվա բուն իմաստն աղավաղել: Բանն այն է, որ, ըստ ուղղափառների, եկեղեցական տոնացույցի 130 տարին մեկ Զատկի օրը փոխվում է, ինչի պատճառով էլ հայերի հետ տարաձայնություն է ստեղծվում այդ օրը, քանի որ, ըստ մեր հաշվարկների, այն մեկ ուրիշ օր է ընկնում: Կիրակոս Գանձակեցի մատենագիրն այդ մասին տեղեկացնում է, որ 1191 թ. Երուսաղեմի Աբրահամ պատրիարքի օրոք, հիշյալ ծռազատիկի պատճառով տարաձայնություններ և մեծ հուզումներ առաջացան այդ երկու ազգերի միջև, և պղտոր ալիքները մինչև Վրաստան հասան, և որպես ուղղափառ դավանանքի հետևորդներ, վրացիները սկսեցին հալածել Հայաստանի հայերին: Վրաց Թամար թագուհին, որի սպասալարներից էին հայոց քաջեր Իվանեն ու Զաքարեն, որպեսզի այդ տարաձայնությունների բորբոքը չտարածվի իր երկրում, մի հայ սպարապետի` Զաքարիա անունով, և էլի երկու անվանի վրաց իշխանի ուղարկում է Երուսաղեմ, որպեսզի քննեն և իմանան, թե որ ազգի Զատիկն է ճիշտ: Երուսաղեմի քաղաքապետը, որն իմաստուն ու խորագետ մարդ էր, տեղեկանալով ինչի համար են եկել այդ անվանի մարդիկ, հույների ճրագալույցին, որը մի շաբաթ առաջ էր մերինից, սուրբ Գերեզմանի միջի բոլոր կանթեղները մարել է տալիս, և դուռը փակելով կնքում է իր կնիքով: Հաջորդ օրը, երբ պետք է Լույսի հանման արարողությունը սկսվեր, բոլորը սրտատրոփ սպասում էին, որ հրաշք Լույսը վառվի, բայց երկար սպասելուց հետո այդպես էլ կանթեղները մնացին մարած, որի պատճառով քաղաքապետը հույներին ու վրացիներին անարգանքով դուրս է հանում Տաճարից: Մեկ շաբաթ հետո հայերի հերթն էր կատարելու Զատիկը: Քաղաքապետը մեր ճրագալույցի օրը նորից փակելով ու կնքելով սուրբ Գերեզմանը, սպասում է հաջորդ օրվա իրադարձություններին, որպեսզի վճռի, թե ում Զատիկն է ընդունելի Տիրոջը: Երբ սկսվում է մեր արարողությունը, լուսահանման պահին հանկարծ ամբողջ Տաճարով մեկ անհասկանալի, բայց մեղմաձայն հնչյուն է լսվում, և մեկեն բռնկվում է սուրբ Գերեզմանի կանթեղը, և ուրախության ու ճշմարտության Լույսը դուրս են հանում, որպես հաստատության կնիք հայոց հավատի: Հույներն ու իրենց դավանակիցներն ամոթի և նախանձի խառը զգացումներով թողնում են լուսավառ ջահերով ցոլացող Աստծո Տաճարը, իսկ իշխանավորներն այդ լուրը տանում են Թամար թագուհուն, որից հետո դադարում են հայոց հավատի հանդեպ եղած ոտնձգությունները:
Կարծում եք, սա բավակա՞ն էր, որ հույները խրատվեին ու այլևս ծռազատիկի խնդիրներ մեջտեղ չհանեին: ՈՒրիշների համար թերևս բավ էր, բայց հույների համար ոչ, քանի որ մի քանի դար անց նորից այս չարաբաստիկ ծռազատիկի հորձանուտները սկսեցին ալեկոծել եկեղեցիների անդորրը, բայց այս անգամ ավելի դառը հետևանքներով: 1634-ին հույներն իրենց Զատիկը հայերից մեկ շաբաթ առաջ պետք է կատարեին, բայց ամեն գնով ուզում էին ստիպել իրենց հետ կատարենք, որպեսզի հետո մենք իրավունք չունենանք առանձին մտնելու սուրբ Գերեզման և կատարելու մեր Զատիկը: Այդ նպատակով 1633-ին դեռևս Գրիգոր Պարոնտեր պատրիարքը, հայոց այլ միաբան եպիսկոպոսներ, այդ թվում` ղպտիների, ասորիների և հաբեշների պատասխանատուները հավաքվեցին մեր սուրբ Փրկիչ վանքում, որտեղ և հույներն առաջարկեցին հայերին ավագ շաբաթվա արարողությունները կատարել մեկ շաբաթ շուտ, որպեսզի մասնակից լինենք իրենց Զատկին: Մեր պատրիարքը, լինելով խորագետ և իմաստուն այր, անմիջապես կռահեց նման առաջարկի հետևում թաքնված վտանգը։ Նա ասաց. «Ձեր այդ առաջարկից մեզ երկու վնաս կարող է պատահել. կլուծարվի մեր պահքը, որով և եկեղեցական օրենքը կոտնահարվի, դրանով իսկ կկորցնենք մեր սուրբ Աթոռի հարգն ու հեղինակությունը, և փոխարենը նզովք ու նախատինք կժառանգենք ամբողջ մեր ազգից»:
Ժողովից հետո, երբ բոլորը պետք է դուրս գային վանքից, պարզվեց, հույները նախապես դատարանի կատարածուներ էին բերել, որպեսզի մուտքի մոտ բռնեն հայոց պատրիարքին: Այս տեսնելով, քրիստոնեական մնացած եկեղեցիների անդամները, նույնիսկ մահմեդականները, դատարան են գնում, որ պաշտպան կանգնեն հայերին: Ի վերջո, դատարանը, լսելով մանրամասները, որոշում է` հույները մեկ շաբաթ առաջ պետք է տոնեն իրենց Զատիկը, իսկ հայերը իրենց ընդունված օրը:
Երբ մոտեցավ հույների տոնի արարողության օրը, և Լույսն ուշացավ, սուրբ Գերեզմանի մոտ խռնված ամբոխն սկսեց ալեկոծվել: Որպեսզի խաբեն ռամիկ ժողովրդին, Ահմեդ աղա անունով մի չավուշի 500 դահեկան կաշառք են տալիս, որ նա գաղտնաբար լուցկի գցի սուրբ Գերեզմանի լուսահանման անցքից ներս, որպեսզի հույն պատրիարքը կարողանա հանել Լույսը:
Այդ մասին տեղեկանում են լատիններից մեկից և իսկույն զինվորներ բերելով պատժում են կաշառք վերցնող չավուշին: Երկար սպասելուց հետո հրաշքը չի կատարվում, և այդ տարի հույները բոլորի աչքի առաջ խայտառակ են լինում ու դեռ արարողությունը չավարտված նրանց հանում են Տաճարից ու դուռը կնքում պահապաններ կարգելով: Հաջորդ շաբաթ, հայոց ճրագալույցին նորից են բացվում դռները, հույներից և ոչ մեկին չեն թողնում ներս, բացի Տաճարի իրենց լուսահանից, իսկ հայերը ղպտի, ասորի, հաբեշ դավանակից եկեղեցիների հետ հաշտ ու հանգիստ անցկացնում են սուրբ Զատիկի տոնակատարությունը:
Բայց այս ծռազատիկի «խմորը» դեռ շատ ջուր էր ուզում, որովհետև հույները, չկարողանալով տանել իրենց ստացած անարգանքը, հախուռն բազմությամբ Բերիայում գտնվող մեծ վեզիրի մոտ են գնում, որ ամբաստանեն հայերին, իբրև թե նրանք կաշառքով ձեռք բերեցին իրենց Զատիկի տոնակատարության իրավունքը, դրանով իսկ խանգարելով հույներին, որ անցկացնեն իրենց իրավունքի արարողությունը: Բայց Պարոնտեր պատրիարքը, նորից իրեն հատուկ խորագիտությամբ, Երուսաղեմի դատավորների մոտ գնալով, տեղեկացնում է այդ մասին, և ասում, որ պետք է դատավճռի օրինակներն ուղարկել թե՛ Բերիա` մեծ վեզիրին, և թե՛ Կ. Պոլիս, որպեսզի հույների ամբաստանությունից չտուժեն ո՛չ դատավորները, ոչ էլ հայերը: ՈՒ վճռի մի օրինակ վերցնելով, պատրիարքը Բերիա է շտապում, բայց մինչ այդ հասած հույներն իրենց ճարտարախոս հնարքներով կարողացել էին մեծ վեզիրի բարկությունը բորբոքել հայերի դեմ, ու վերջինս երբ լսում է, որ մեր պատրիարքը ժամանել է, իսկույն իր մոտ է բերել տալիս: Հայոց պատրիարքը խոնարհաբար նրան է ներկայացնում դատավճռի կրկնօրինակը և հանդարտությամբ բացատրում ընդհարման պատճառները: Վեզիրը տեղեկանալով իրականությանը, և գրության միջոցով համոզվելով, որ հույներն ուզեցել են իրենց մեղքերին մասնակից անել իրեն, և դա իսլամության դեմ որպես անարգանք ու թշնամություն համարելով, զայրացած կանչել է տալիս նրանց մետրոպոլիտին և 86000 դինարի տուգանքով դատապարտելով` նրան վռնդում է իր մոտից:
Բայց մարդկային չարությունը, դրդվելով սատանայի կողմից, նման է գործող հրաբխի, որն անդադար ժայթքելով ու տարածվելով, իր շուրջը միայն մահ ու թշվառություն է սփռում: Այդպես էլ այս չարաբաստիկ ծռազատիկը շարունակում էր իր ճանապարհին հոգևոր ավերածություններ գործել, որովհետև երբ հույների պատգամատարները Կ. Պոլիս հասան, իսկույն տեղի երևելի ազգակիցներին տեղեկացրին Երուսաղեմում կատարված դեպքերի մասին, իհարկե, իրենց ծռազատիկի նման ամեն բան ծամածռելով ու նենգափոխելով, որ իբր հայերը, կաշառելով դատավորին, հույներին սուրբ Հարության Տաճարից դուրս են վռնդել, և դրանով իսկ արգելել են իրենց Զատիկը կատարել: Նրանք էլ կաշառքով մտնում են Քենան փաշայի մոտ և հայ լուսահանին, որը Երուսաղեմից էր եկել, բանտարկել են տալիս: Բայց շուտով տեղի հայերի միջոցով նրան տեղեկացնում են ճիշտ եղելությունը, և լուսահանին բանտից ազատում են: Հույներն իրենց մտադրությունից նորից հետ չկանգնելով, այս անգամ ավելի վերին դասերին են դիմում, և քանի որ սատանան ամեն տեղ իր ծառաներն ունի, այս անգամ հայերի դեմ է դուրս գալիս պալատական Բայրամ փաշան, որը, լսելով նրանց, ինը հայերի անօրինաբար մահապարտների բանտն է նետում: Նրանցից ընտրելով երկու հոգու, առանց դատ ու դատաստանի կառափնարան են տանում: Այնտեղ կուտակված ամբոխի մեջ, ըստ արևելյան հին սովորության, սուլթան Մուրադը ծպտված հասարակ հագուստով, դիտում և լսում էր կատարվածը: Նա, մոտենալով մի հայ պարզամիտ գյուղացու, հարց ու փորձ է անում, թե ինչ պատճառով են գլխատում այս մարդկանց: Նա էլ պատմում է, թե ինչպես են հույները կաշառել Բայրամ փաշային, իսկ վերջինս հայերի բերած դատարանի փաստաթղթերը մեջտեղ չհանելով ծածկել է իրողությունը: Եվ մի քանի այլ հարցերից հետո, սուլթանն իրազեկ է դառնում եղելությանը, և հայերն ազատվում են հետագա հալածանքներից, որ պատրաստվում էին իրագործել սուլթանի բարձրաստիճան պալատականները: Բայց այն երկուսին գլխատում և մարմինները կախում են քաղաքի գլխավոր հրապարակի վրա, և չեն թողնում որևէ հայ մոտենա և մարմինները հողին հանձնի: Գիշերը հանկարծ քաղաքում մեծ որոտումներ են լսվում, և սարսափելի ճայթուններով դղրդում է Կ. Պոլիսը: Տագնապահար ժողովուրդը դուրս է գալիս տներից, և հանկարծ բոլորի աչքի առջև երկնային մի սքանչելի լուսեղեն սյուն է իջնում և հանգչում նահատակների մարմինների վրա: Այս բանին ականատես է լինում նաև թագավորի ողջ պալատը, այդ պատճառով արևածագից հետո սուլթանը հրաման է տալիս Կեսարիայի Գրիգոր պատրիարքին, որ ինչպես պատշաճ է քրիստոնյաներին, եկեղեցական արարողություններով տանեն թաղեն նահատակների մարմինները: Հայ ժողովուրդը մեծահանդես ու փառահեղ հանդիսավորությամբ վերցնելով նահատակների մարմինները տանում, հողին է հանձնում սուրբ Նիկողայոսի եկեղեցու գերեզմանատանը: Նույն գիշերը նորից երկնային սքանչելի մի լույս է իջնում, բայց այս անգամ տեղատարափ անձրևի ուղեկցությամբ և լուսավորում սրբերի շիրմափոսերը: Հեռվից տեսնողների համար կարծես այդ տեղում հրդեհ բռնկված լիներ, այնքան ահավոր էր երկնատեսիլ այդ նշանը: Այս բոլորը գրում եմ, որ ընթերցողը տեսնի, թե ինչ չարչարանքների և հալածանքների գնով է անմար պահվել մեր Լուսավորիչ հոր վառած քրիստոնեության կանթեղը Սուրբ երկրում:
(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2040

Մեկնաբանություններ